Հոգիս կապստամբէ, մտքերս կըմբոստանան այն մարդակեր աշխարհի դէմ ... Այն աշխարհի, որը հազարամեակների տարածության վրայ հալածել է, նահատակել ... Խաչել սիրոյ, արդարութեան ու ազատութեան վսեմ իդեալի քարոզիչներին ...

***

Ինչ է կյանքը, եթե ոչ երկու ուժերի մեջ կատարուած մի անմիտ ու անխիղճ խաղ: Ուժեր, որոնցից մեկն ստեղծագործում է, շինում, իսկ մյուսը` կործանում, քանդում:

***

Այո՛ , կյանքը կռիվ է: Կռիվը պահանջում է զենք: Բայց նամարդ է նա, որն այդ զենքը դժոխքից է վերցնում:

***

Երբե՛ք չմոռանաք, որ ձեր անձնական պատիվը կապված է ձեր զինակիցների, ձեր զորամասի, ձեր ցեղի պատվի հետ: Ուստի սովորեցե՛ք գերադասել պատվավոր մահը անպատիվ կյանքից - թե՛ կռվում, թե՛ կռվից դուրս:

***

Զոհաբերի՛ր ...

Զոհաբերի՛ր անվերջ` առանց մնացորդի:
Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականութեան լուսափայլ ժպիտը երեսիդ ... եւ դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված ...
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը ...

Մոռացի՛ր քեզ ...
Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սեւ ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում ...
Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան...
Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը թշվառի ցավը, քո Աստվածը թշվառի Աստվածը լինի ...
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր ազատ խոսքը ...

Եղի՛ր հպարտ...
Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր
Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց ...

Եղի՛ր ազատ...
Գիտակից ստրուկի եւ հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր...

Եղի՛ր բացարձակ ...
Եւ ո՛չ մի զիջում: Յանցանք է չիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամօթալի պարտութիւն կրել...
Այսպէս է պատգամում իմ մարգարէն իր աստուածաշունչ խօսքը եւ հօգիս` նրա հրեղէն պատգամներին գերի, վեհօրէն իր թեւերն է պարզում ...

***

Այն ողորմելիօրեն տկար էակը չէ մարդը, որպիսին ճգնում է զայն ներկայացնել նիւթապաշտական կարճատես գիտութւինը: Նա գրեթէ ամենակարող է, երբ գիտակցում է, թէ իր մէջ թաքուն ուժեռի մի ամբողջ ծով կայ, որից ազատորեն օգտվում է ինքնաճանաչ անհատը:

***

Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին:

***

Թուլություն է չարությունը:

***

Գոռոզությունը ուժ չէ, այլ տկարություն:

***

Մարդկանց մի նայիր վերեւից - դա հեղինակություն չէ:

***

Տկարն է ձգտում հաճոյանալ ամբոխին, արժանանալ փողոցի ուշադրությանը:

***

Ասպետ եղիր նախ անձի՛դ նկատմամբ:

***

Կրքերն ու կարիքները ծառաներ պիտի լինեն, ոչ թէ տէր ու բռնակալ:

***

Ամրացի՛ր վսեմ մտածմունքների մեջ:

***

Թույլ մի տուր, որ վատերը իրենց բույնը հյուսեն ուղեղիդ մեջ:

***

Իսկ գիտե՞ս որ` որքան հոգեպես անդորր է մարդս, այնքան ուժեղ եւ ազդեցիկ է նա:

***

Մարդս իր խոսքի մէջ դրսեւորում է իր հոգու բովանդակությունը:

***

Արի է նա, ով իր մեջ սպանել է իր կաշվի համար դողացող անասունը:

***

Բարոյապես սնանկ է այն անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը:

***

Անեծք է առաջնորդի տգիտությունը, եսականությունը, նախանձը: Չի եղել ավելի զարհուրելի թույն, քան վատ օրինակը առաջնորդի, որ միշտ վարակիչ է:
Եսակա՞ն է` անասնանում են նրա հետ առնչվողները:
Ծո՞ւյլ է մտաւորապես` հոգեւոր հնավաճառներ են դառնում նրան շրջապատողները:
Անհայրենապա՞շտ է - հակահայրենիք հրեշներ են վխտում նրա շուրջը:
Իսկ անարի է` զգալիորեն երկչոտ են դառնում նրա իշխանությունը վայելողները: